ԼՂՀ Ազգային ժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը`

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» Կոնվենցիան, շեշտելով ցեղասպանության հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,

– ոգեկոչելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանության զոհերին,

– կարեւորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը,

– երախտագիտություն հայտնելով այն պետությունների խորհրդարաններին,

պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ՝

կոչ է անում մյուս երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից 1894-1923 թվականներին Արեւմտյան Հայաստանում իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործություն»: