Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  եւ Դաշնային կառավարությունն արդեն համաձայն են 1915թ. հայոց ջարդերը ցեղասպանություն անվանել։ Իշխող կոալիցիան որոշել է հաշվի չառնել Թուրքիայի ճնշումը։  100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածը պետք է ցեղասպանություն համարվի։ Այս մասին գրում է Die Welt գերմանական պարբերականը։ 

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում  հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կողմ է անցյալ դարի սկզբում հայերի զանգվածային սպանությունների շուրջ բանաձեւ ընդունելուն, որտեղ  արձանագրվում է հետեւյալը. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի ճակատագիրը պատմության  մեջ զանգվածային  բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ այո 20-րդ դարի ցեղասպանությունների օրինակ է»։

«Բանաձեւի այս նախագծի հետեւում կանգնած է դաշնային կառավարությունը։ Իր մեծ դերն է խաղում նաեւ նախագահ Յոահիմ Գաուկը, որը ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում հիշատակի աղոթքի ժամանակ օգտագործելու է ցեղասպանություն բառը»,- հայտարարել է կառավարության խոսնակը։