Այս ուսումնական տարում նկատվում է անցողիկ միավորների շեմի իջեցում: Այս մասին հուլիսի  29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ գրեթե բոլոր մասնագիտությունների գծով միավորների տեղաշարժեր կնկատվեն, իսկ, մասնավորապես, տնտեսագիտական բլոկում, ըստ նրա, մոտ 5 միավորի տեղաշարժ կարձանագրվի:

ԳԹԿ տնօրենը հավելեց, որ անցյալ տարի Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիա մասնագիտությունը շատ ավելի մեծ պահանջարկ էր վայելում, եւ անվճար տեղերի միջին գնահատականն ավելի բարձր էր: Սակայն այս տարի բուժական ֆակուլտետն է ավելի մեծ պահանջարկ վայելում, քանի որ այդ ֆակուլտետի համար հատկացված անվճար տեղերն այս տարի ավելի շատ են:

«Վերին շեմը նույնն է՝ 36-37, այն դեպքում, երբ անցյալ տարի 120 անվճար տեղեր էին հատկացված, իսկ  այս տարի՝ 60: Սա կրկին խոսում է այն մասին, որ շեմի իջեցում է տեղի ունեցել»,-նշեց Խաչատրյանը:  

Նա նաեւ ներկայացրեց այս տարվա ընդունելության քննությունների միջին միավորները: Ըստ այդմ՝ միջին միավորը կենսաբանությունից՝ 11 է, ընդհանուր պատմությունից՝ 13,4, աշխարհագրությունից՝ 11,6, հայոց լեզու-հայ գրականությունից՝ 11,4, մաթեմատիկայից՝ 10, 3, անգլերենից՝ 13,3, ֆրանսերենից՝ 14,6, գերմաներենից՝ 14,1, ֆիզիկայից՝ 10, հայոց պատմությունից՝ 11,3, քիմիայից՝ 12,2: Հարցին, թե նախորդ ուսումնական տարվա համեմատ այս տարվա ցուցանիշները շա՞տ են տարբերվում, Գուրգեն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ, նույն պատկերն է, առանձնակի փոփոխություններ չկան»: