Հայաստանը նախատեսում է 2014 թ. ստանալ 350 հազ. տոննա հացահատիկի բերք՝ պարենային ինքնաբավության աստիճանը ներկայիս 37 տոկոսից հասցնելով 55 տոկոսի։ Այդ նպատակով այսօր կառավարության նիստում ընդունվեց «2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու եւ սերմերի ներկրումը թույլատրելու մասին» որոշումը։ Դրանով նախատեսվում է սկզբնական շրջանում Հայաստան ներմուծել որակյալ սերմացուներ, այնուհետեւ զարկ տալ տեղական սերմնաբուծարանների գործունեությանը։ Ռուսաստանից ներկրվող բարձր վերարտադրության (էլիտա) սերմացուն հնարավորություն կտա ցորենի բերքատվությունը 1 հա-ի վրա հասցնել 30-40 ցենտների։ Սա էլ, կառավարության կարծիքով, կշահագրգռի հայ գյուղացիներին՝ զբաղվել ցորենի մշակմամբ։ Ըստ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի՝ վերջին տարիներին ցորենի ցանքատարածությունները Հայաստանում նվազել են եւ ներկայում կազմում են մոտ 82 հազ. հա։ Ենթադրվում է, որ նոր սերմացուի շնորհիվ ցորենի ցանքատարածությունները կհասնեն 131 հազ. հա-ի։

Ըստ Ալավերդյանի՝ այս տարի ալրաղացները ցորենը գյուղացուց ձեռք կբերեն տոննան 80-120 հազ. դրամով։ Նշենք, որ ալրաղացները միշտ չէ, որ պատրաստակամ են գյուղացուց ցորեն գնելու։ Բանն այն է, որ Հայաստանի խոշոր ալրաղացները պատկանում են ցորենի ներմուծմամբ զբաղվող ընկերություններին, որոնք շահագրգռված են առաջին հերթին աղալ իրենց կողմից ներմուծված ցորենը։ Այսպես՝ Արմաշի ալրաղացը պատկանում է հացահատիկի ներմուծման շուկայում գերիշխող դիրք գրավող «Մանանա Գրեյնին»։ Այն ալրաղացները, որոնք ներմուծողներին չեն պատկանում, միեւնույնն է՝ շահագրգռված են առաջին հերթին աղալ նրանց ցորենը, քանի որ այդ դեպքում ազատվում են շրջանառու միջոցները համալրելու խնդրից։ Այսինքն՝ նրանք ստիպված չեն լինում սեփական միջոցներով ցորեն գնելու, որ հետո ալյուրը վաճառեն շուկայում։ Այդ դեպքում հաճախ առաջանում է շրջանառու միջոցները վարկի միջոցով լրացնելու խնդիրը, որն այնքան էլ հեշտությամբ չի լուծվում։ Իսկ ներմուծողներից ալրաղացները ընդամենը վերցնում են ցորեն աղալու արժեքը։