Ֆրանսիայում 15-ամյա մահմեդական աշակերտուհուն երկու անգամ թույլ չեն տվել դպրոց մտնել՝ երկար սեւ շրջազգեստով դասերի ներկայանալու պատճառով:

Շառլվիլ Մեզիեր քաղաքի ուսումնական հաստատության տնօրինությունը համարել է, որ Սառա անունով աշակերտուհու հագուստը բացահայտորեն ցուցադրում է նրա կրոնական պատկանելությունը: Սառան տեղական L'Ardennais պարբերականին պատմել է, որ իր կիսաշրջազգեստը «ոչ մի առանձնահատուկ բան չէր ներկայացնում եւ շատ պարզ էր»:

Քաղաքի կրթական հարցերի պատասխանատու Պատրիս Դյուտոն իր հերթին France Presse գործակալությանն ասել է, որ աղջկան դուրս չեն արել դպրոցից, պարզապես խնդրել են տուն վերադառնալ եւ «ավելի չեզոք հագուստ» հագնել: «Նա գնաց, բայց հայրը չցանկացավ, որ իր դուստրը դպրոց վերադառնա»,- հավաստել է Դյուտոն:

Միջադեպը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում եւ վրդովել բազմաթիվ մահմեդականների: Օգտատերերը #JePorteMaJupeCommeJeVeux («Հագնում եմ իմ կիսաշրջազգեստը, ինչպես ուզում եմ») հեշթեգով արշավ են սկսել համացանցում:

Ըստ Lenta-ի, աշխարհիկ կրթության մասին օրենքի համաձայն, որը Ֆրանսիայում ընդունվել է 2004 թվականին, աշակերտներին արգելվում է դասերին ներկայանալ չադրայով, հրեական թասակով կամ քրիստոնեական մեծ խաչերով: Ամեն դեպքում, աչք չծակող կրոնական խորհրդանիշերը թույլատրվում են: