Ադրբեջանցի երկու ուսանողների, որոնք մեկնում էին Չեռնովցիում գտնվող կամավորական ճամբար, օգոստոսի 9-ին Բորիսպոլ օդանավակայանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել մուտք գործել Ուկրաինա, հաղորդում է Կորեսպոնդենտ.net.-ը։
Հոլոքոստի եւ մարդատյացությանը հակազդելու թեմաներով միջոցառմանը մասնակցելու նպատակով Չեռնովցի մեկնող ուսանողներին մոտավորապես մեկուկես օր առանց սնունդի պահել են Բորիսպոլ օդակայանի տարանցման գոտում։
Ինչպես հայտնել է կամավորական «Աշխարհ-Ուկրաինա» կազմակերպության նախագահ Յուլիա Մյասիշչեւան, այդ ամենից հետո առանց բացատրության կամավորականներին նստացրել են Բաքու ուղեւորվող հերթական ինքնաթիռը եւ մեկ տարով արգելել նրանց մուտքը Ուկրաինա։ Ըստ նրա, ուսանողներին չեն թողել Ուկրաինայի տարածք ոչ սլավոնական արտաքինի պատճառով։ Իրենց հերթին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի դիվանագետները պաշտոնական նոտա են նախապատրաստում, ինչպես նաեւ սահմանապահներին հասցեագրված նամակ, թե ի՞նչ հիմունքներով ուսանողներին չեն թույլատրել մուտք գործել Ուկրաինա, եւ ինչո՞ւ է խափանվել ադրբեջանցի ուսանողների մասնակցությունը միջազգային նախագծին։
Ուսանողները նախատեսում էին աշխարհի 11 երկրների 18 կամավորականների հետ միասին երկու շաբաթ աշխատել Չեռնովցիի հրեական գերեզմանատանը։ Այդ գերեզմանատունը Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ հրեական գերեզմանոցներից մեկն է, որը պահպանվել է մինչ օրս։




























