Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Հայաստանը մասնակցեց Ժնեւի Գրքի միջազգային ամենամյա ցուցահանդես-տոնավաճառին «Հայոց ցեղասպանություն. Հիշատակ եւ պահանջատիրություն, ժխտողականության 100 տարի» խորագրով:

Հայկական տաղավարում ցուցադրված էին Հայաստանում եւ արտերկրում վերջին տարիներին տպագրված հայերեն եւ օտարալեզու բազմաթիվ հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Խորագրի թեմայով` ցուցահանդեսի բոլոր հինգ օրերի ընթացքում, գրքերի ցուցադրությանը զուգահեռ, կազմակերպվեցին բազմաթիվ քննարկումներ եւ դասախոսություններ:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ Թուրքիայի ժողովրդավարացումը» թեմայով հանդես եկավ թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն: Ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական եւ բարոյական հետեւանքների, փոխհատուցման եւ պահանջատիրության մասին թեմաներով հանդես եկան Ժնեւի համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ Վալենտինա Կալզոլարին, Ժնեւի Դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Սեւան Գարիբյանը, շվեյցարահայ լրագրող Վիգեն Չեթերյանը, բանաստեղծ Վահե Գոդելը, սոցիոլոգ եւ մշակութային պատմաբան Ալան Նավարրա Նավասարդյանը: Հայկական հարցի վերաբերյալ Շվեյցարիայի քաղաքականությանն անդրադարձան Շվեյցարիայի հեռուստառադիոընկերության (RTS) լրագրող Ռոմեն Կլիվազը եւ հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Ցուցահանդես-տոնավաճառի վերջին օրը հայկական տաղավարում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Impact Hub Yerevan» կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում ստեղծագործական տեխնոլոգիաների եւ նորարարությունների ապագայի մասին, ինչպես նաեւ ներկայացրին այդ բնագավառում երիտասարդ սերնդի ներուժը:

Հայաստանի տաղավարը եւ կազմակերպված քննարկումները գրավեցին ոչ միայն շահագրգիռ հասարակական-քաղաքական շրջանակների, այլեւ ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ այցելուների ուշադրությունը:

Հայաստանի տաղավարը ավանդաբար ներկայացվում է Շվեյցարիայի «Հակոբ Դ. Թոփալյան» հայկական հիմնադրամի ջանքերով: