Կինոօպերատոր Շավարշ Վարդանյանն Արցախյան պատերազմին մասնակցել է հենց առաջին օրերից: Նրա շնորհիվ այսօր ունենք 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: NEWS.am-ի հետ զրույցում Շավարշ Վարդանյանը վերհիշել է Արցախի ազատագրական պայքարի օրերը:
Պարոն Վարդանյան, Դուք մասնակցել եք Արցախյան պատերազմին՝ որպես օպերատոր, ռեժիսոր: Օպերատորի աչքն ավելի սուր է, ի՞նչ կպատմեք պատերազմի մասին:
Երբ առաջին անգամ հայտնվում ես պատերազմի դաշտում, պատերազմը քեզ համար կինոներից հուշերով մնացած պատկերներ են: Քեզ թվում է՝ հենց այդպես էլ պետք է լինի: Բայց հենց մտնում ես պատերազմի գոտի, զգում ես, որ ընդհանրապես կապ չունի քո տեսածի հետ: Մենք տեսել ենք Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ֆիլմեր, բայց Ղարաբաղյան պատերազմն ուրիշ էր: Բնական է՝ շատ փոքրիկ մասշտաբով էր ամեն ինչ կատարվում եւ ավելի նուրբ զենքերով, բայց միեւնույն է՝ մահ... կյանք է խլում: Առաջին անգամ դու հայտնվում ես մի տարածքում, որտեղ դու մոռանում ես՝ դու ով ես: Քեզ պատում է վախը: Չկա այնպիսի մարդ, որ գնում է գյուլի դիմաց եւ ասում, որ չի վախենում: Տարիների ընթացքում կամ ավելի շատ շփվելով, կարծրանալով պատերազմի գոտում, դու արդեն հասկանում ես՝ եկած որ փամփուշտից կարելի է թաքնվել, վախենալ կամ չվախենալ. դու սկսում ես ճանաչել փամփուշտը:
Նկարահանել այն, ինչ տեղի է ունենում, բավականին բարդ է: Կինոներից տեսնում ենք, որ նույնիսկ կրակողի դիմացից են նկարում, պատերազմի ժամանակ չկա այդպիսի բան: Դու միշտ գտնվում ես կրակողի կողքին կամ նրանից հետո: Չկա խելագար, որ կլինի առջեւի գծում, որովհետեւ դու մի քանի վայրկյանի կյանք կունենաս ընդամենը: Բավականին բարդ է լինել պատերազմի դաշտում եւ լիարժեք պատկերավոր կադրեր ստանալ:
Նշեցիք, որ պատերազմի դաշտում նկարահանումներ անելը բարդ էր: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
Բավականին բարդ աշխատանք է իրական նկարահանումներ կատարելը: Այդ տղաները, որոնք տեսախցիկը վերցրել են եւ գնացել նկարահանումներ կատարելու, իսկապես հերոսներ են: Եթե նրանք չլինեին, նոր սերունդը ոչ մի կադր չէր տեսնի, ոչ մի ֆիլմ չէր նկարահանվի, կամ հորինված ֆիլմեր կլինեին: Այնպես որ այդ մարդկանց պետք է գնահատել: Ցավոք սրտի, լրագրողներին, օպերատորներին դեռ չեն գնահատում: Մենք ընդամենն օտարամոլությամբ տառապող ազգ ենք: Ազգովի մի կնոջ ենք պաշտում՝ Պասկալեւային, որը իբր հրաշքներ է գործել: Բայց նույն այդ կնոջը ես եմ տարել պատերազմի գոտի, ես եմ սովորեցրել նկարահանել, տեսել եմ՝ ոնց է իմ ֆիլմերը գողանում եւ ֆիլմ սարքում: Մենք նրան նստեցրինք մեր գլխին, իսկ իրական տղաներին... Ինքս առ այսօր չեմ տեսել մի ֆիլմ, որտեդ նրա կադրերն են օգտագործվել: Բայց մեր հայ տղաների նկարած նյութերը բոլոր հաղորդումներում, ֆիլմերում կան: Ցավալի է դա շատ:
Ի՞նչ է ֆիքսել Շավարշ Վարդանյան օպերատորը պատերազմի դաշտում:
Պատերազմին մասնակցում էին ռեժիսորներ, օպերատորներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ: Նրանք զենք բռնել չգիտեին, բայց հայրենասիրությունն էր ստիպել գալ ու կռվել: Հիշում եմ՝ Վարդան Դեւրիկյանը մի բլուրի վրա նստած նկարում էր, գրում, հարցրի՝ ինչ ես անում այստեղ, չես վախենո՞ւմ: Նա էլ պատասխանեց, թե եկել է՝ սեփական մաշկի վրա զգալու, ապա բանաստեղծություններ գրելու համար: Միայն նա չէր. շատ արվեստագետներ նույնիսկ զենք էին բռնում: Մի հոգեւորական կար, զենքը հանում էր, կրակում, հետո թաքցնում էր եւ խաչը հանում: Այնպես որ շատ բան կար պատերազմի դաշտում:
Դա արդարացված է, հրաշք է, որ ժողովուրդը համախբմված է մի գաղափարի շուրջ, երբ հոգեւորականից մինչեւ վերջին մարդը պատրաստ է կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն երկրի ազատության: Այստեղ ավարտվում է մի շա՜տ կարեւոր փուլ՝ ես արեցի, ես ազատեցի, անկախացրի, տառապանքներից հանեցի, ինչո՞ւ դուք չեք պահում: Ինչո՞ւ եք անտեր ու դուրս թողել: Պատերազմից չվերադարձած մարդկանց զավակներին ինչո՞ւ եք թողել անմխիթար վիճակում: Հերոսը հերոս է ծնում, նրանց զավակներն էլ են հերոսներ: Ինչո՞ւ եք այդպես վարվում: Ովքեր պատերազմի տարիներին Երեւանում առեւտրով էին զբաղվում, հիմա եկել են ու մեծ-մեծ խոսում են...
Մի շատ կարեւոր բան ասեմ. դու ինչքան էլ երեխայի մեջ սերմանես սեր հայրենիքի նկատմամբ, եթե նա տեսնում է, թե ինչպես է պատերազմից վերադարձած անձը սովից մահանում, նրա մեջ հայրենասիրությունը մեկ վայրկյանում մեռնում է, հավատացեք ինձ: Ամբողջ աշխարհում է այսպես. մարդն իր արյունն է տալիս, հայրենիքը պաշտպանում է, բայց նույն հայրենիքը նրան չի գնահատում: Չգիտես էլ՝ ինչու է այդպես:
Ինչո՞ւ չեն գնահատում, պարոն Վարդանյան:
Ես երկու անգամ վիրավորվել եմ, ի՞նչ ունեմ այսօր. ընդամենը հաշմանդություն, նույնիսկ հաշմանդամության թուղթ չտվին, որովհետեւ միայնակ տեղաշարժվում եմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները մի շարք առավելություններ ունեին, իսկ Արցախյան պատերազմի մասնակիցը ոչ մի արտոնություն չունի: Ի՞նչ արտոնություն: Ինչո՞ւ պետք է փոքր երեխան նայի ինձ ու դառնա հայրենասեր: Չի դառնա, գործով են դառնում հայրենասեր: Աններելի սխալ է, որ կյանքը հայրենիքի համար զոհաբերած տղաների ընտանիքներն այսօր աղքատության մեջ են: Բազմանում են նրանք, որոնք պատրաստ են ամեն պահի փախչելու: Այ դա է ցավը, ես չեմ կարողանում համակերպվել դրա հետ:
Ամբողջ չարիքը մեր մեջ է, մենք ենք մեղավոր: Այն, ինչ կատարվում է այսօր դպրոցներում, իսկական ցեղասպանություն է: Երեխաները գալիս են համալսարան, հարյուր անգամ բացատրիր, չի հասկանում, ուղեղը դատարկ է: Համակարգն է մեղավոր. բոլորին փողոցից բռնում են, բերում համալսարան ու երեխան չիմանալով ընդունվում է, չիմանալով ավարտում այն:
Ձեր կարծիքով՝ այս սերունդը պատերազմ կգնա՞:
Չեմ կարծում, նույն բանն է, որ ռոբոտներին տանես պատերազմ: Բայց ռոբոտից մի բանով են տարբերվում՝ վախով, եասիրությամբ: Նա երբեք երկար չի պայքարի, չի կռվի այնպես, ինչպես այն տղաներն էին կռվում:
Եվ ինչպե՞ս էին կռվում:
Ճիշտ է՝ սովետական կարգերի ժամանակ մեր ազգի մասին արգելված էր իմանալը, բայց արյան կանչը, որ պապերից փոխանցվել էր, մեր մեջ կար: Դրա համար գնացին պատերազմ, բայց այնպես էլ չէ, որ բոլորն էին գնացել: Էլի առանձնացված տղաները մեկնեցին: Ընդհանրապես մեր ազգը համախմբվող չէ: Նույնը սպորտում է. հենց խմբակային խաղ է լինում, պարտվում ենք, անհատական մարզաձեւերում՝ հաղթում: Մենք անհատապես կարող ենք լինել աշխարհահռչակ կոմպոզիտոր, երաժիշտ, դերասան, գիտանական, բայց խմբակայինով մենք ամենավերջին տեղում ենք: Մենք մեզ չենք սիրում: Ուրիշը ո՞նց կարող է սիրել մեզ: Նախանձ ենք, չար ենք, չենք ուզում՝ ինչ-որ մեկն առաջ գնա: Վատը մեր մեջ է: Եթե մենք չմաքրվենք, ես ապագա չեմ տեսնում:
Պարոն Վարդանյան, պատերազմի դաշտում դուք անընդհատ նկարահանումներ եք կատարել, այսօր ունեք 1200 ժամ վավերագրական տեսանյութ:
Ես իմ պարտքն եմ կատարել, նկարահանել եմ 1200 ժամ, դա հսկայական թիվ է: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում խնդրել եմ նախագահներին, որ օգնեն թվայնացնել այս կադրերը, որ չփչանան, բայց ոչ մեկը չի օգնել: Յուրաքանչյուր կադր ինձ համար մեծ հարստություն է, որովհետեւ ամեն մեկի մեջ իմ արյան կաթիլից ինչ-որ բան կա: Հարստություն է, երբ ցույց ես տալիս, թե ինչպես է քո հայրը կռվել, ինչպես է եղել, որ ազատագրել ենք Արցախը, ինչպես ենք ցուրտ ձմռանը տարբեր դժվարությունների դիմանում՝ առանց օֆ անելու: Դիմանում էինք, որովհետեւ գիտակցաբար էինք դնացել պատերազմ: Եթե ստիպողաբար են տանում, դու այդքան բաների չես կարող դիմանալ, կամ ինքնասպանություն կգործես, կամ կփախչես: Երբ գիտակցաբար ես գնացել, դա արել ես հողդ ազատագրելու համար, էդքան բան: Քեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող խոչընդոտել:
Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը





























