ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ ԿԲ խորհուրդն այսօր հաստատել է 2011 թ. ծախսերի նախահաշիվը եւ կապիտալ ներդրումների ծրագիրը։ ԿԲ հաղորդագրությունը դրանով ավարտվում է, եւ հասարակությունն այդպես էլ անտեղյակ կմնա, թե ԿԲ-ն ինչ ծախսեր է կատարում, կամ որքանով են դրանք հիմնավոր։ Այնինչ մի փոքր ավելի հրապարակայնությունը ԿԲ-ին չէր խանգարի, առավել եւս, որ այն վաղուց ձեռք է բերել տաքուկ հիմնարկի համբավ՝ չափից ավելի բարձր աշխատավարձերով եւ չափից ավելի մեծ վարչական ծախսերով։ Բավական է ասել, որ ԿԲ միջին աշխատավարձը գերազանցում է 400 հազ. դրամը, այսինքն՝ այնտեղ սովորական բաժնի պետը կառավարության անդամից ավելի աշխատավարձ է ստանում, իսկ ԿԲ նախագահի աշխատավարձը (որը կազմում է ամսական մոտ 1,2 մլն դրամ) մոտ 3 անգամ գերազանցում է ՀՀ նախագահի աշխատավարձը։
Կենտրոնական բանկի մասին օրենքի համաձայն՝ ԿԲ խորհուրդը ծախսերի նախահաշիվը պետք է հաստատի մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Ցավոք՝ օրենքը չի պահանջում ԿԲ-ից հրապարակել նախահաշիվը կամ կապիտալ ներդրումների պլանը, եւ ընդհանրապես՝ օրենքը բավական մեծ թվով սողանքներ է պարունակում պետական այս ինստիտուտը ստվերի մեջ պահելու համար։ Միայն պետական բյուջեի քննարկումների ընթացքում կառավարությունը ներկայացնում է նաեւ ԿԲ ծախսերի նախահաշիվը, բայց այն ոչ մի անգամ ըստ էության չի քննարկվել եւ բացի այդ՝ կառավարության կողմից հրապարակվում է բացառապես նախագծի տեսքով։ ԿԲ-ն այնուհետեւ ամեն ինչ անում է, որ այդ նախահաշվի մասին մոռանան, դրան նպաստում է նաեւ օրենսդրությունը։ Ճիշտ է՝ օրենքով ԿԲ-ն հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողովին, բայց այն հաստատման ընթացակարգ չի անցնում։
Ակնհայտ է, որ նման ընթացակարգերը այլեւս բավարար համարել չի կարելի, առավել եւս, որ վերջին տարիներին ԿԲ-ն վնասով է աշխատում, ու այդ վնասը ծածկելու համար ֆինանսների նախարարությունից մուրհակ է ստանում։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով է կառուցվում կամ կառուցվել ԿԲ-ի հանգստյան տունը Սյունիքի մարզում, ինչո՞ւ պետք է վնասով աշխատող հիմնարկը մի քանի միլիոն դոլար հատկացնի հանգստյան տուն կառուցելու համար։
Շատերը կարող են մեջբերել միջազգային փորձը եւ ասել, որ ԿԲ-ի նման ստվերային գործելաոճը միջազգային լավագույն ավանդույթներին համապատասխան է։ Սակայն նշենք, որ աշխարհի ոչ մի երկրում կենտրոնական բանկերը այդքան հաճախակի չեն խախտում իրենց Սահմանադրությունը եւ օրենքները, որքան Հայաստանում՝ չկարողանալով ապահովել գների կայունություն։
«Կենտրոնական բանկի մասին» օրենքի 23-րդ հոդվածով՝ ԿԲ նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները պարտավոր են տարին մեկ անգամ հրապարակել տեղեկատվություն իրենց եկամուտների, ինչպես նաեւ իրենց հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց բոլոր էական ֆինանսական շահերի մասին։ Բայց որեւէ մեկը Հայաստանում կարո՞ղ է պնդել, թե տեղյակ է նման հրապարակումներից, որ հավանաբար ինչ-որ կորած-մոլորած բյուլետենում են զետեղվում։ Իսկ կառավարության անդամներն այդ ժամանակ խոսում են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մասին, իսկ ինչո՞ւ, պարոնայք, այդ պայքարը չսկսել սեփական գրպանի պարունակությունը ի ցույց հանելով։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ ունեն անհայտ ուղղություններով տարաբնույթ մեղադրանքները։
Սամվել Ավագյան




























