Նորվեգիայի ոստիկանությունը կամավորների հետ միասին փնտրում է պինգվինների ձագուկներին, որոնք անհետացել են երկրի արեւմուտքում գտնվող օվկիանարիումից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Գումբոլտ պինգվինի երեք ձագերը, ինչպես նաեւ մեկ ձու, Aalesund օվկիանարիումից գողացել են հինգշաբթի առավոտյան: «Դա ողբերգություն է»,- ասել է հաստատության տնօրեն Տոր Էրիկ Ստենդալը՝ հավելելով, որ ձագերն այն տարիքում են, երբ երկար ժամանակ չեն կարող ապրել բնից հեռու:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ոստիկանության որոնումներին ավելի քան 100 կամավոր է մասնակցում: Իրավապահների հաղորդմամբ, թռչունների անհետացման մեջ մի քանի երիտասարդի են կասկածում, որոնց ներխուժումն օվկիանարիումի տարածք արձանագրել են տեսահսկման խցիկները: Սակայն նրանցից ոչ ոք չի խոստովանել, որ գողացել է ձագուկներին:
Ըստ գործակալության, մայիսին Նորվեգիայի դպրոցներում ավարտական շրջան է, երբ աշակերտները հաճախ արտասովոր կատակներ են անում:



























