Պակիստանի հյուսիս-արեւելքում գտնվող Լահոր քաղաքում հրդեհի հետեւանքով 6 երեխա է մահացել, հաղորդում է տեղի ոստիկանությունը։
Պակիստանյան Dawn թերթի փոխանցմամբ հրդեհի պատճառը օդորակիչի ներսում կարճ միացումն է եղել, որից հետո հաշված րոպեների ընթացքում կրակը տարածվել է ողջ շենքով մեկ։ Դեպքի վայր հասած հրշեջները կարողացել են մարել կրակը, սակայն ներսում գտնվող երեխաների կյանքը փրկել չի հաջողվել։
Երեխաները եղել են 1-12 տարեկան, նրանք քնած են եղել, երբ հրդեհն սկսվել է։ Երեխաներից երկուսը մահացել են ծխահարվելուց, մնացածը՝ ծանր այրվածքներից։
Երեխաների ծնողներն այդ պահին տանը չեն եղել։ Տեղի բնակիչների կարծիքով, փրկարարները շատ ուշ են ժամանել դեպքի վայր։
Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին եւ պահանջել միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ։




























