Ֆրանսիայում Սաուդյան Արաբիայի իշխող ընտանիքի ներկայացուցիչներից մեկին ուղեկցող շարասյանը թալանելու գործով մայիսի 18-ին 9 մարդ է ձերբակալվել: Շարասյունը Փարիզում հարձակման է ենթարկվել անցյալ ամռանը: Այս մասին գրում է France Presse գործակալությունը:

Ձերբակալությունները տեղի են ունեցել ֆրանսիական մայրաքաղաքի արվարձաններից մեկում: «Նախնական տեղեկություններով, խոսքը հնարավոր հանցագործների մասին է, որոնցից մի քանիսն անապահով թաղամասերի բնակիչներ են»,- նշել են իրավապահ մարմիններից AFP-ի աղբյուրները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սաուդյան թագավորական ընտանիքի ներկայացուցիչներից մեկի շարասյան վրա հարձակումն իրականացվել է 2014 թվականի օգոստոսին: Հանցագործների թիրախում է հայտնվել արքայազն Աբդուլ Ազիզ բեն Ֆահդը՝ Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Ֆահդ իբն Աբդուլ Ազիզ Ալ Ասուդի կրտսեր որդին:

Հարձակումն իրականացրել են ավտոմատներով զինված մի քանի մարդ: Նրանք 250 հազար եվրո են գողացել, արքայազնի անձնական իրերը, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելության կարեւոր փաստաթղթեր: