Հայաստանի կառավարության օգոստոսի 5-ի նիստում 4 անձանց, որոնք ընդունվել են արտասահմանյան բուհեր, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրամադրվի։ Այդ «երջանիկներն» են.
-Գոռ Հովակիմյանը, որն ընդունվել է Լոնդոնի Գլուսիստերշիրի համալսարան` «Գործարարության կառավարում» մասնագիտությամբ, որը Եվրոպայում համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն,
- Դավիթ Հակոբյանը՝ ընդունվել է Ստոկհոլմի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ,
- Արտավազդ Գրիգորյանը՝ ընդունվել է Պրահայի ինտերնացիոնալ համալսարան։
Անհասկանալի պատճառներով այդ խմբին է միացել Նարեկ Աբգարյանը, որի սովորելու վայրը հայտնի չէ։
Նշենք, որ «Զինապարտության մասին» օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք ունեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողները, որոնք այդտեղ հայտնվում են պետական պատվերով կամ միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով։
Քանի որ վերը նշված ուսանողները այդ խմբերում չեն դասվում, կառավարությունը նրանց ազատում է «այլ հիմքերով»՝ այդ տարկետման համար ստանալով նաեւ գրավ։ Այս տեսանկյունից արտասահմանյան բուհերում սովորողների կարգավիճակը թերեւս հստակեցման կարիք ունի, քանի որ նմանատիպ բուհերում հիմնականում հայտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ այլ մեծահարուստների զավակները։ Պարզ չէ, թե ինչու կառավարությունը որոշել է նրանցից մի քանիսի համար բացառություն անել։




























