ՀՀ Զինված ուժերում ծառայության ժամանակ սպա Արտակ Նազարյանի մահվան գործով 4 հոգի է ձերբակալվել: Այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

«Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է թիվ 21127 զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Ա. Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:

Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մանվելի Մխիթարյանը, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը` Ա. Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Տավուշի մարզի Չինարի գյուղին հարակից զորամասում անհայտ հանգամանքներում մահացել է լեյտենանտ Արտակ Նազարյանը, ով լրագրող Ծովինար Նազարյանի եղբայրն է: ՊՆ-ն պաշտոնապես տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն, սակայն Արտակի հարազատները չեն հավատում այդ վարկածին, հատկապես, որ Արտակի մարմնի վրա եղել են բռնության բազմաթիվ հետքեր: