Ադրբեջանցիները նպատակաուղղված հրդեհում են հայկական տարածքները՝ ցանկանալով լայնամասշտաբ հրդեհ առաջացնել: Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանը՝ մեկնաբանելով Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերում հանկարծակի բռնկված հրդեհների դեպքերը:

«Հրդեհները բռնկվել են միաժամանակ մի քանի վայրերում: Երբ մեր ջոկատները ցանկացել են մոտենալ դեպքի վայրին, որպեսզի հանգցնեն կրակը, հակառակորդի կողմից մեր ուղղությամբ կրակ է բացվել»,- հայտարարել է Գյոզալյանը՝ ընդգծելով, որ փրկարար ծառայությունը ստիպված է եղել սպասել, մինչեւ կրակը կմոտենա ավելի անվտանգ հատվածների, որպեսզի սկսեն մարումը: «Երբ կրակը ուժ հավաքեց, շատ ավելի դժվար էր սանձել այն», - ասել է նա:

Պավել Գյոզալյանի խոսքով, փրկարարների շարքում կորուստներ չկան: «Սա թշնամու կողմից վնաս հասցնելու եւ անհարմարություն պատճառելու եւս մեկ միջոց է»,- ընդգծել է նա: