Հայաստանի մի շարք ֆուտբոլային ակումբներ 2009 ֆինանսական տարին փակել են վնասներով։ Այդ մասին նշված է Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցանկում։ Ամենամեծ վնասներ հայտարարագրել է «Կիլիկիա» ակումբը՝ 49,5 մլն դրամ (մոտ 136 հազ. դոլար)։ Երկրորդ տեղում «Փյունիկն» է՝ 37,5 մլն դրամ (մոտ 100 հազ. դոլար)։ «Արարատ» ֆուտբոլային թիմը, որն այս տարի բարձրագույն խմբից տեղափոխվել է առաջին խումբ՝ ցույց է տվել 28,9 մլն դրամ (մոտ 80 հազ. դոլար) վնաս։ Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես են գալիս 8 թիմեր, իսկ առաջին խմբում՝ 9-ը։
Ֆուտբոլային թիմերից բացի վնասներ են հայտարարագրել մի քանի մարզադաշտեր, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական եւ Աբովյանի մարզադաշտերը։ Վնասով է աշխատում նաեւ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը։
2009 թ. արդյունքներով՝ ոչ մեծ վնաս է ցույց տվել նաեւ «Չեսս» շախմատային ակադեմիան։
Եթե մարզական թիմերի եւ մարզադաշտերի վնասները ինչ-որ տեղ հասկանալի են, ապա անսպասելի կարելի է համարել «Սպորտ Թայմ» ընկերության հայտարարագրած 18,3 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար) վնասը։ Հիշեցնենք, որ «Սպորտ Թայմը» պատկանում է Սուքիասյանների ընտանիքին եւ հանդիսանում է ADIDAS GROUP - ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է «Adidas», «Adidas by Stella McCartney» եւ «Reebok» աշխարհահռչակ սպորտային բրենդերի վաճառքով, ներկայումս Երեւանի տարածքում ունի 2 խանութ-սրահ: Անցյալ տարի ընկերությունը որոշ խնդիրներ է ունեցել ներմուծված ապրանքների մաքսազերծման հետ կապված, որը շատերը կապում են Խաչատուր Սուքիասյանի քաղաքական գործունեության հետ։




























