ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը օգոստոսի 4-ին այցելել է Արարատի մարզ եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, քննարկվել են Արարատի մարզում խաղողի բերքի ակնկալվող քանակի եւ մթերման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն համայնքների ցուցանիշների վրա, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի ավելի ցածր կատարողական են ապահովել` հորդորելով առավելագույն ջանքեր գործադրել ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Այնուհետեւ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի մարզպետների, տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշյանի, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ս. Գալստյանի մասնակցությամբ քննարկվել են նշված մարզերում խաղողի ակնկալվող բերքի, ինչպես նաեւ մթերման գործընթացներն առավելագույն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցեր: Մարզպետարանների եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած տեղեկատվության համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի շուրջ 7000 տոննայով ավելի խաղողի բերք է ակնկալվում:
Ա. Գեւորգյանը ներկաներին հանձնարարել է օգտագործել մթերման բոլոր հնարավորությունները` գյուղացու բերքի իրացումն անխափան եւ արդյունավետ կազմակերպելու համար:




























