Թուրքիայի Վան քաղաքի տեղական Serivan թերթի տնօրեն Ազիզ Այքաչը հայտնել է, թե Վանում արդեն 6 հազար ընտանիք պատրաստ են սեպտեմբերի 19-ին՝ Աղթամարի Ս. Խաչի վերաբացման օրը բացել իրենց տան դռները հայերի առաջ։

Ազիզ Այքաչը նշել է, որ հայերին իրենց տանը հյուրընկալելու ակցիան դրական արձագանքներ է ունեցել սփյուռքահայերի մոտ, եւ հավելել. «Օր օրի ավելանում է հայերին իրենց ընտանիքներում հյուրընկալել ցանկացողների թիվը։ Այս պահի դրությամբ 5 հազար տուն պատրաստ է ընդունել հայերի, իսկ ընդհանուր առմամբ արդեն 6 հազար դիմում ենք ստացել»:

Ազիզ Աքչայի տեղեկացմամբ՝ Ստամբուլի «Ակոս» թերթի նախաձեռնությամբ՝ 10 եվրոպացի լրագրողներ արդեն հայտնել են իրենց համաձայնությունը՝ լուսաբանել Ս. Խաչի վերաբացումը։ «Սպասում ենք, որ 10 հազար հայ է ժամանելու Վան։ Այս իրադարձությունը կթեթեւացնի հայ-թուրքական լարվածությունը։ Մեր թերթն այդ օրերին կտպագրվի նաեւ հայերենով»,- նշել է Ազիզ Աքչայը՝ ամփոփելով, թե հայերի համար սուրբ համարվող Աղթամարի եկեղեցին կարող է դառնալ Վանի եկամտի աղբյուրը, եւ չպետք է այդ առիթը բաց թողնել։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ի մոտենալուն զուգահեռ, թուրքական իշխանությունները տարբեր ճանապարհներով փորձում են աշխարհի ուշադրությունը սեւեռել իրենց այսպես ասած «բարի կամքի» վրա։