Ֆինլանդիայի քարտեզի վրա առաջիկայում կարող է նոր քաղաք հայտնվել: Երեք ֆինն գործարարներ մտադիր են երկրի հարավային Ուուսիմաա շրջանում բնակավայր հիմնել: Այն Պորկալա կկոչվի եւ կմիավորի այդ տարածքում արդեն գոյություն ունեցող երեք համայնքներ՝ Ինկոոն, Կրկկոնումմին եւ Սիունտիոն:
«Այդ նախագիծը գոյություն ունի արդեն մի քանի տարի: Իսկ մենք պարզապես ցանկանում ենք արագացնել գործընթացը»,- «Յուլե» հեռուստաընկերությանն ասել է գործարարներից մեկը՝ Հեյկկի Ռեենպյայան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա չի մանրամասնել, թե ինչպիսին է լինելու Պորկալա քաղաքը, սակայն ընդգծել է, որ Ֆինլանդիայի համար նոր տեսակի բնակավայր է լինելու: Գլխավոր առանձնահատկություններից մեկը լինելու է «երկլեզու» կարգը. ենթադրվում է, որ ֆիններենն ու շվեդերենն այստեղ հավասար կարգավիճակ են ունենալու:
Նոր քաղաքի հիմնումը պաշտոնական մակարդակով դեռեւս չի քննարկվել, սակայն համայնքներին հայտնի է գործարարների ծրագրի մասին: Դրանցից առնվազն երկուսը՝ Ինկոոն եւ Սիունտիոն, պատրաստ են քննարկումներ սկսել այդ հարցի շուրջ:





























