Եթե ձեր երեխաները կտրականապես հրաժարվում են բանջարեղեն եւ կանաչեղեն ուտել, նրանց անհրաժեշտ գործիքներ տվեք եւ ուղարկեք պարտեզ: Ծնողներին այսպիսի խորհուրդ են տալիս ամերիկյան Քորնելի եւ Օհայոյի համալսարանների մասնագետները:
Նրանք ավագ դասարանների 370 աշակերտի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Պարզվել է, որ աշակերտները դպրոցական ճաշարանում 4 անգամ ավելի շատ են աղցան վերցրել, եթե այն պատրաստված է եղել հենց իրենց աճեցրած բանջարեղենից:
Մինչ այդ, աղցան է գնել աշակերտների ընդամենը 2%-ը, դրանից հետո՝ 10%-ը: Ընդհանուր առմամբ, դպրոցականները կերել են իրենց աճեցրած բանջարեղենով պատրաստված աղցանների երկու երրորդը:
Ըստ Kedem-ի փոխանցմամբ, Ցինցինատիի Մանկական հոսպիտալի բժշկական կենտրոնի հետազոտողները նույնպես վերջերս պատմել են, թե ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել: Նրանք մանկապարտեզից մինչեւ 6-րդ դասարանի երեխաների համար նախատեսված ծրագիր են մշակել: Նրանք, ովքեր դպրոցական ճաշարանում օգտակար մթերքներ են գնել, փոքրիկ մրցանակ են ստացել: Գիտնականների մեթոդը շատ արդյունավետ է եղել:





























