102-ամյա գերմանուհին դարձել է աշխարհում ամենատարեց գիտությունների դոկտորը՝ գիտական աստիճան ստանալով գրավոր քննությունից 77 տարի անց։ Այս մասին գրում է DPA գործակալությունը։ 1938թ. 25-ամյա Ինգեբորգա Զյուլմ Ռափոփորթը Համբուրգի հրեական հիվանդանոցում բժշկի օգնական էր աշխատում եւ զուգահեռ «Դիֆտերիա» թեմայով դիսերտացիա գրում։ Նա հանձնել էր գրավոր քննությունը, սակայն հիտլերյան Գերմանիայում գործող օրենսդրության համաձայն՝ չէր կարողացել մասնակցել բանավոր քննությանը, քանի որ ազգությամբ հրեա է։
Նրա գիտական ղեկավարը հայտնել էր, որ կընդուներ նրա դոկտորական աշխատանքը, եթե չլինեին գործող օրենքները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կինը արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ ծանոթացել էր ապագա ամուսնու հետ, որի հետ միասին սկսել էր համագործակցել Կոմունիստական կուսակցության հետ։ Այդ պատճառով նա շուտով խնդիրներ էր ունեցել եւ 1950-ական թթ. սկզբին հաստատվել էր Արեւելյան Բեռլինում։ Երբ Համբուրգի համալսարանական կլինիկայի բժշկական ֆակուլտետի դեկանը իմացել էր Ինգեբորգայի ճակատագրի մասին, թույլ էր տվել հետին թվով հանձնել բանավոր քննությունը։ Զյուլմ Ռափոփորթը մայիսին հաջողությամբ հանձնել էր քննությունը։ Դիսերտաիայի վկայականի հանդիսավոր հանձնման արարողությունը տեղի էր ունեցել երեքշաբթի։





























