ԱՄՆ շրջանային դատարանը որոշել է 43 տարվա մեկուսի բանտարկությունից հետո ազատ արձակել 68-ամյա Ալբերտ Վուդֆոքսին։

Վուդֆոքսին ի սկզբանե 1967թ. դատապարտել էին զինված ավազակային հարձակման համար։ 1972թ. նրան մեղավոր էին ճանաչել բանտային անկարգությունների ժամանակ բանտի վերակացուին սպանելու համար եւ ուղարկել էին մենախուց։ Նրան 2 անգամ մեղավոր էին ճանաչել բանտի վերակացուի սպանության մեջ եւ երկու անգամ էլ որոշումը հետագայում փոխվել էր։ Հիմա դատավորը արգելել է Լուիզիանայի դատախազներին Վուդֆոքսից 3-րդ անգամ խոստովանական ցուցմունք պահանջել։ Ինքը՝ տղամարդը, հերքում է մեղադրանքները, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Լուիզիանայի դատարանը հաշվի է առել բանտարկյալի տարիքն ու թույլ առողջական վիճակը։