Ուֆայում հրդեհի ժամանակ կատուն փրկել է տիրուհուն: Բազմահարկ շենքի բնակարանում հեռուստացույցը հրդեհվել է: Դեպքի վայր ժամանած հրշեջներն արագորեն մեկուսացրել եւ հանգցրել են կրակը: Բարեբախտաբար, այն չի հասցրել տարածվել բնակարանում, եւ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Սակայն, Vesti-ի հաղորդմամբ, առանց կատվի «զգոնության» իրավիճակն այլ կլիներ: Բանն այն է, որ կրակը բռնկվել է գիշերը, երբ բնակարանի տիրուհին քնած է եղել: Երբ հեռուստացույցից ծուխ է բարձրացել, կատուն սկսել է բարձր մլավել:

«Ես քնած էի, եւ ինձ կատուն արթնացրեց: Արթնանալով՝ ծխի հոտ զգացի: Չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Փորձեցի լույս վառել, բայց պարզվեց, որ բնակարանը հոսանքազրկվել է: Լիակատար մթության մեջ վերցրեցի ձեռքի տակ ընկած առաջին իսկ հագուստը, կատվին, բջջային հեռախոսը, դուրս վազեցի բնակարանից եւ զանգահարեցի հրշեջ ծառայություն»,- պատմել է կինը: