Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի եւ Ուշի համայնքների մոտ 200 բնակիչներն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Օհանավանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

NEWS.am-ի հետ զրույցում Օհանավանի բնակիչ Վլադիմիր Գեղամյանը նշեց, որ թանկացումներն անհիմն են եւ իրենք պայքարելու են մինչեւ վերջ:

Նրանց խոսքով՝ իրենք հունիսի 19-ին նույնպես ցույց են կազմակերպելու եւ հնարավոր է՝ երեք գյուղերի բնակիչները միանան Երեւանում կազմակերպվող բողոքի ակցիային:

Օհանավանում կազմակերպված ակցիան հսկել են նաեւ ոստիկաններ:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը: