Գիտնականները համոզվել են, որ կապիկները մարդկանց պես ալկոհոլի հանդեպ հակում ունեն: Նրանք նույնիսկ սովորել են արմավենուց ալկոհոլ ստանալ:

Կենսաբանները հետեւել են Գվինեայի Բոսու նահանգում բնակվող շիմպանզեներին: Ըստ Gazeta-ի, տեղի բնակիչները ռաֆիա տեսակի արմավենու հյութը վերցնում են եւ, ֆերմենտացման արդյունքում, ալկոհոլային խմիչք ստանում:

Հետազոտողները պարզել են, որ շիմպանզեները յուրացրել են արմավենուց ալկոհոլային խմիչք ստանալու եղանակը: Նախ նրանք պոկում են տերեւները, ծամում եւ եւ ծակոտկեն զանգված ստանում: Հետո դրանք դնում են այն տարաների մեջ, որոնք մարդիկ արմավենու հյութը հավաքելու համար դնում են ծառի տակ: Երբ տերեւներից ստացված զանգվածը ներծծվում է հյութով, շիմպանզեներն օգտագործում են այն:

Հյութի հետազոտությունը ցույց է տվել, որ այն 3.1-ից մինչեւ 6.9% ալկոհոլ է պարունակում, որը համապատասխանում է մուգ գարեջրի թնդությանը:

Հետազոտության հեղինակների խոսքով, իրենց աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ կապիկներն ու մարդիկ ընդհանուր գեն ունեն, որը պատասխանատու է ալկոհոլի հանդեպ հակվածության համար: