Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը տեղյակ չէ բանակում տեղի ունեցած վերջին աղմակահարույց միջադեպերի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հենց ինքը՝ Բաղմանյանը, նշելով, թե մոտ 20 օր է՝ ինչ արձակուրդում է եւ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Նա, ինչպես ինքն ասաց, Ղարաբաղում է՝ ազատագրված տարածքներում: «Ես տեղյակ չեմ ինչ է եղել, մի 15 օրից կգամ, կիմանամ, թե ինչ է եղել, նոր այդ ժամանակ կզանգեք, ինչ-որ պետք է կասեմ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ վերջին միջադեպերից հետո սոցիալական ցանցերում քննարկվում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի հարցը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն արձագանքեց. «Էդ բանն ասողները մինիմում ադրբեջանցի են: Տենց բան ո՞նց կարող ա նորմալ հայ մարդը պահանջի»: Նա նշեց, որ Պնախարարը չպետք է հրաժարական տա, իսկ հարցին, թե այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի բանակում տեղի ունեցածի համար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն արձագանքեց. «Ամեն մարդ իրա չափով պատասխան կտա, ով որ հնարավոր ա»:
Մյուս հարցին, թե տեղի ունեցած միջադեպերը ինչպե՞ս կարող են ազդել բանակի մարտունակության վրա՝ Բաղմանյանը կարճ ասաց, թե՝ «չեն ազդի» եւ առաջարկեց եւս 15 օր համբերել, մինչեւ ինքը վերադառնա արձակուրդից ու հասկանա, թե ով` ով է եւ ինչ է արել:
Նշենք նաեւ, որ ըստ մամուլի տեղեկությունների, արձակուրդ է մեկնել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Նա, ըստ լուրերի, ընտանյոք հանդերձ Իտալիայում է: Փաստորեն, երբ բանակի հրամկազմի ներկայացուցիչները արձակուրդում են, տեղի են ունենում նման սահմռկեցուցիչ սպանություններ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին սպանվել է թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանը, իսկ դրանից մեկ օր անց՝ հուլիսի 28-ին, Մարտունու թիվ 36534 զորամասում մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ծագած միջադեպի պատճառով զոհվել է հինգ զինվոր եւ մեկ սպա:




























