2001թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր, կենսաքիմիկոս Թիմոթի Հանթը կարծիք է հայտնել այն մասին, թե ինչու է տղամարդու  համար դժվար նույն լաբորատորիայում կանանց հետ աշխատել։ Գիտնականի խոսքը, ինչպես նաեւ այն, թե ինչպես է նա հետո դրա համար ներողություն խնդրել, գիտական շրջանակներում բուռն արձագանք էին առաջ բերել։ Ի վերջո Հանթը որոշել է ազատվել Լոնդոնի համալսարանական քոլեջում զբաղեցրած իր պաշտոնից, հայտնում է The Guardian-ը։

Հունիսի 9-ին Հանթը Հարավային Կորեայում կայացած խորհրդակցության ժամանակ ելույթ էր ունեցել կին գիտնականների եւ գիտական լրագրողների առջեւ. «Թույլ տվեք ինձ պատմել, թե ինչում է աղջիկների հետ աշխատելու խնդիրը։ Երբ նրանք լաբորատորիայում են աշխատում, կամ դուք եք սիրահարվում նրանց, կամ նրանք են սիրահարվում ձեզ կամ էլ, երբ դուք նրանց քննադատում եք, նրանք լաց են լինում»։

Գիտնականի բառերը հայտնվել էին Twitter-ում եւ բուռն բողոք առաջացրել, գրում է Lenta-ն։

Հանթը հունիսի 10-ին ներողություն էր խնդրել իր հայտարարության համար։ «Ցավում եմ, եթե վիրավորել եմ որեւէ մեկին։ Ես ուզում էի ոչ թե նվաստացնել կանանց, այլ մատնանշել իմ թույլ կողմերը։ Ես սիրահարվել եմ աշխատակցուհիներին, նրանք էլ ինձ են սիրահարվել, եւ դա խանգարել է գիտական գործընթացին։ Կարեւոր է, որ լաբորատորիայում նույն կանոններով խաղանք»։

Սակայն նման բացատրությունը չէր մեղմել կրքերը։ Նոբելյան դափնեկրին համեմատել են իսլամիստ արմատականների հետ՝ մեղադրելով նրան, թե նա առաջարկում է կանանց դուրս վռնդել լաբորատորիայից միայն այն պատճառով, որ նրանք գայթակղում են տղամարդկանց։