Ռուսաստանը մնացել է նույն Գոգոլյան «հիմարների եւ վատ ճանապարհների երկիրը», որտեղ ոչինչ չի փոխվել, իսկ պետական որոշումները տրամաբանված չեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ներկայում ընդդիմադիր Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության երեկվա որոշումը՝ ժամանակավորապես ցորենի արտահանումը արգելելու մասին:
«Աշխարհը սարսափով սպասում է, թե ինչ կլինի Պուտինի որոշումից հետո»,- եզրակացրեց ՀԱԿ անդամը։ Սակայն նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե սույն որոշումը Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա։ «Վախենում եմ, որ վիճակը ավելի վատ է լինելու, դե մեր օլիգարխներին գիտեք»,- ասաց Ասատրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի կառավարությունն ունի 2 շաբաթվա ցորենի պահուստ, այնինչ Եվրամիության նորմատիվներով երկրում ցորենի պահուստները պետք է բավարարեն 100 օրվա։ «2008 թ. Կենտրոնական բանկը ինտերվենցիաներով էր զբաղվում, իսկ մենք առաջարկում էինք դրա փոխարեն հացահատիկի ու վառելիքի պաշարներ ստեղծել։ Բայց մեր այդ առաջարկը չընդունեցին»,- ասաց ԿԲ նախկին ղեկավարը։




























