Այս տարի լրանում է հայոց արքա Տիգրան Մեծի 2150 ամյակը, ինչի կապակցությամբ օգոստոսի 11-12-ը կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաք։ Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ, պատմաբան Արտակ Մովսիսյանը։
Ուխտագնացության ընթացքում կլինեն մի շարք տոնական միջոցառումներ։ Տիգրանակերտ քաղաքում տեղի կունենա Տիգրան Մեծին նվիրված հուշաքարի բացում։ Իսկ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ոգեկոչման արարողություն կմատուցվի։
«Ցավոք սրտի մենք Տիգրան Մեծի ծննդյան եւ մահվան օրերը չգիտենք։ Եւ երբ որ չգիտես մարդու ծննդյան կամ մահվան օրը, սակայն ցանկանում ես նշել տարեդարձը, պետք է ընտրես օր, որը նվիրական է եղել Տիգրան Մեծի համար։ Հայերի, ինչպես նաեւ Տիգրան Մեծի համար, ամենանվիրական օրերից մեկը պետք է լիներ Հայկ Նահապետի՝ Բելի նկատմամբ տարած հաղթանակի օրը։ Այդ իսկ պատճառով օգոստոի 11-ը՝ Նավասարդի առաջին օրը, որոշեցինք ուխտագնացություն կազմակերպել դեպի Տիգրանակերտ»,-ասաց պատմաբանը։
Իսկ թե ինչո՞ւ հենց Արցախի Տիգրանակերտ քաղաքը, չէ որ Տիգրան Մեծը 7-ից ավելի տիգրանակերտներ է կառուցել, հարցին Արտակ Մովսիսյանը պատասխանեց.
«Հայաստանի զորքերի հսկողության տակ գտնվող միակ Տիգրանակերտը, Արցախինն է»։
Օգոստոսի 11-ին երեկոյան Ստեփանակերտում կցուցադրվի «Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալ» ֆիլմը։
Ուխտագնացության վերջին օրը մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ ազատագրված Բերձոր (Լաչին) քաղաքում, ինչից հետո ուխտավորները կվերադառնան Երեւան.
«Մեր այս ուխտագնացությունը նպատակ ունի շեշտելու ազատագրված տարածքների կարեւորությունը եւ Տիգրան Մեծի խորհուրդն ու դասը մեր ժողովրդի համար։ Երբ որ Տիգրան Մեծը հայտնվեց բարդ կացության մեջ, նա գնաց խնդրի յուրօրինակ լուծման։ Նա զիջեց նվաճած տարածքները, սակայն հայրենական հողերից ոչ մի թիզ չտվեց»-ամփոփելով իր խոսքը՝ վերջում նշեց պատմաբանը։




























