YouGov ծառայության նախաձեռնած հարցման արդյունքում պարզվել է, որ աշխարհում ամենատարածված գույնը կապույտն է: Այս մասին տեղեկանում ենք YouGov-ի կայքից: Հետազոտությանը մասնակցել են 10 երկրների՝ Մեծ Բրտիանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի, Հոնկոնգի, Մալազիայի, Սինգապուրի, Թայլանդի եւ Ինդոնեզիայի բնակիչներ: Չի նշվում, սակայն, թե հարցման կազմակերպիչներն ինչ չափանիշով են ընտրել երկրները:

Կապույտ գույնն ամենաշատը՝ 33%-ը, նախընտրում են Մեծ Բրիտանիայում, ամենաքիչը՝ Ինդոնեզիայում (23%): Ըստ Lenta-ի, Թայլանդում, Չինաստանում եւ ԱՄՆ-ում վարկանիշի երկրորդ հորիզոնականում կանաչն է, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում՝ կարմիրը, Հոնկոնգում՝ մանուշակագույնը: Իսկ Ավստրալիայում եւ Մալազիայում կարմիրն ու մանուշակագույնը կիսել են երկրորդ տեղը:

Նշվում է, որ մարդկանց նախընտրությունները կախված են եղել սեռից: Օրինակ՝ ԱՄՆ-ում կապույտ գույնը նախընտրում է տղամարդկանց 40 եւ կանանց 24%-ը, Մեծ Բրիտանիայում՝ 40 եւ 27%-ը, համապատասխանաբար: