«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին առաջարկում է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում  բնակարան ստացած, բայց դեռ ինքնակամ կառույցներում բնակվող բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տալ օրինականացնել այդ ինքնակամ կառույցները:

Կենտրոնի դիմում-ուղերձում ասվում է. «Դուք քաջատեղյակ եք, որ անցած տասնամյակներում անօթեւան հարյուրավոր ընտանիքներ, կորցնելով բնակարան ստանալու հույսը, ստիպված ստեղծել են ինքնակամ բնակելի կառույցներ: Ներկայումս նրանցից մի շարք ընտանիքներ բնակարաններ են ստացել եւ դրանք սեփականաշնորհելու համար պարտադրված են ժամանակավոր կացարաններից ազատել տարածքներն ու հանձնել քաղաքապետարանին:

Մեր ուսումնասիրություններով` բնակարանների բաշխման ներկա փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թվի գրեթե կեսը` 460-ը, բաղկացած են 5 եւ ավելի անդամներից, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակավոր կացարանները հանձնելիս  չեն կարող նոր ստացած` 40-65 քմ մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար: Ուստի կարծում ենք` տեղին կլինի, եթե որոշ բազմանդամ եւ  ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքների, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն տրվի օրինականացնել իրենց ինքնակամ կառույցները եւ թույլատրվի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կացարանների հանձնման: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված:

ՀՀ քաղաքաշինության նախարարությանն առաջարկում ենք նաեւ ստեղծել բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարանների ազատման  հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Եվ միայն այդ հանձնաժողովի  ուսումնասիրությունների ու որոշումների հիման վրա տրամադրվեն տնակներից տարածքների  ազատման մասին տեղեկանքները:

Դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում ՀՀ քաղաքաշինության նախարարության, մարզային ու ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչներից  բացի կընդգրկեք նաեւ աղետի գոտում գործող լրատվամիջոցների եւ ՀԿ ներկայացուցիչների»: