Մայոյի կլինիկայից բժիշկ Ամիթ Սոոդի խոսքով, երջանկության համար փող, առողջություն կամ հաջողություն պետք չէ: Երջանկության բանալին գիտնականների մշակած քառաստիճան ծրագիրն է, որը նախատեսված է 10 շաբաթվա համար: Ամիթ Սոոդը վստահ է. երջանկությունը 40-50% կախված է մարդու կատարած ընտրությունից եւ այն հանգամանքից, թե ինչի վրա է նա կենտրոնանում:

Ըստ The Daily Mail-ի, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու ուղեղը ծրագրված է բացասականը նկատելու համար: Դա ժամանակակից մարդկանց նախնիներին օգնել է դիմակայել: Ամիթ Սոոդի կազմած ծրագիրը 4 քայլից է բաղկացած:

Առաջին քայլը, MedDaily-ի փոխանցմամբ, մարզումն է, որը մարդուն օգնում է կառավարել մտքերը: Գիտնականն առաջարկում է օգտագործել 5-3-2 տեխնիկան: Արթնանալուց հետո առաջին հերթին հարկավոր է մտածել ձեր կյանքում կարեւոր տեղ զբաղեցնող 5 մարդկանց մասին: Մտերիմ մարդկանց հետ հանդիպման առաջին երեք րոպեներին նրանց ողջունել այնպես, կարծես շատ վաղուց չեք հանդիպել: Եվ, վերջապես, մարդուն տեսնելիս հարկավոր է առաջին 2 վայրկյաններին մտովի նրան լավագույնը մաղթել:

Երկրորդ քայլը երախտագիտության, կարեկցանքի, ընդունելու եւ ներողամտության միջոցով էմոցիոնալ կայությունը զարգացնելն է:

Երրորդ քայլը ընթերցանության, վարժությունների, երաժշտության, արվեստի, աղոթքի, մեդիտացիայի եւ յոգայի օգնությամբ ձեր մտքի եւ մարմնի կապի ամրապնդումն է:

Եվ չորրորդ քայլ. առողջ կենսակերպ եւ օգտակար սովորույթներ, մասնավորապես, ֆիզիկական ակտիվություն եւ ճիշտ սննդակարգ:

Ամիթ Սոոդը նաեւ խորհուրդ է տալիս կյանքին թեթեւ նայել: Մասնագետի խոսքով, ընդամենը 10 շաբաթվա ընթացքում մտքերի ուղղությունն արմատապես կփոխվի: