Որեւէ բանաձեւի ընդունում, ինչպիսին օրինակ ԵԽԽՎ-ում «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Ադրբեջանում» բանաձեւն է, ուղղակի կարող է պատերազմի լեգիտիմացման հիմք հանդիսանալ: Այդ մասին հունիսի 12-ի  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկակական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ԵԽԽՎ բանաձեւն ընդունվել է այն ժամանակ, երբ Հայաստանը կարծես թե առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ:

«Բայց եթե իրավիճակն այդքան բարենպաստ է մեզ համար, ի՞նչն է պատճառը, որ ԵԽԽՎ-ում բանաձեւ է ընդունվում Բաքվի օգտին: Ես կարծում եմ, որ այստեղ պատճառը հայկական խորհրդարանական դիվանագիտության «անողնաշարության» մեջ է», -նշել է Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով, եթե հակառակորդը թույլ է տալիս իրեն այնպիսի բացթողում ինչպիսին Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումն է, ապա դա տեսականորեն Հայաստանի դերակատարության մեծացման հնարավորություն է տալիս:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Ադրբեջանում» հերթական խայտառակ փաստաթուղթը, որը քվեարկության կդրվի հունիսի 22-26-ը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում եւ կդառնա բանաձեւ: