Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած եւ այնուհետեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ահազանգից հետո հոգեբուժարանից դուրս գրված՝ Երեւանի բնակչուհի Ժուլետա Ամարիկյանի գործով հնարավոր է դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնեն միջազգային փորձագետները:

Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ սպասում են առողջապահության նախարարության թույլտվությանը:

«Հայաստանում հոգեբուժությունն ամենացածր մակարդակի վրա է: Խորհրդային տարիներից ի վեր մեր հոգեբույժները չեն զարգացել: Այդ պատճառով դիմել ենք միջազգային փորձագետների օգնությանը: Քննիչը թույլատրել է արդեն, այժմ էլ սպասում ենք, որ առողջապահության նախարարությունը հաստատի եւ կարողանանք դիմել արտասահմանցի հոգեբույժների օգնությանը»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Ժուլետա Ամարիկյանի հարազատների զանգով 2013թ. նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Ավանի հոգեբուժարան՝ հարկադիր բուժում ստանալու: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան հվանդություն՝ զառանցական խանգարումներ: 28 օր անց նրան բաց են թողել հոգեբուժարանից: Ժուլետա Ամարիկյանի եւ նրա փաստաբանի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, այժմ  ընթանում է նախաքննություն: