«Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր թոփ-մենեջերների աշխատավարձերի չափերը գաղտնի է պահում նաեւ ՀԾԿՀ-ից: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»:

Հայտարարությունում, մասնվորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հայաստանի էլեկտրական ցանցերի հայտը: Այդ հայտը հիմնավորվում է այն պնդմամբ, որ ներկա սակագնով ՀԷՑ-ը չի կարողանում հոգալ իր՝ հոսանքի բաշխման հետ կապված ծախսերը: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն պետք է քննարկի, թե որքանով են ՀԷՑ-ի ծախսերը հիմնավոր:

Սակայն, ինչպես պարզվեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորման»-ը ՀԷՑ-ից ուղարկված գրությունից, ՀԷՑ-ը գաղտնի է պահում թոփ-մենեջերների աշխատավարձերի չափերը: Ընդ որում, ՀԷՑ-ն այդ տեղեկությունները գաղտնի է պահում ոչ միայն Հայաստանի հանրությունից, այլև ՀԾԿՀ-ից:

Այսինքն՝ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին պետք է քննարկի ՀԷՑ-ի ծախսերը (այդ թվում՝ աշխատավարձային)՝ առանց իմանալու, թե որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի պաշտոնյաների աշխատավարձերը: Այլ կերպ ասած, ստացվում է մի իրավիճակ, երբ Հանձնաժողովը պետք է կուրորեն ՀԷՑ-ի աշխատավարձային ծախսերը համարի հիմնավոր, կամ անհիմն:

Ստացվում է, որ ՀԷՑ-ի թոփ-մենեջերները կարող են քաղաքացիների վճարած վարձերի հաշվին ամսական ստանալ, ասենք, հարյուր միլիոն դրամ աշխատավարձ, որի համար կբարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն քաղաքացիներից ու ՀԾԿՀ-ից դա գաղտնի կպահվի»: