Հունիսի 12-ից 14-ը Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում անցկացվեց «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցեց նաեւ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, հայկական տաղավար այցելեց Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը:
Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների եւ հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցեցին նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը:
Երեք օր տեւած միջոցառումների ընթացքում հայկական տաղավարում կազմակերպվեց Հայաստանի բնապատկերներներն ու մշակույթը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաեւ ներկայացվեց զբոսաշրջության մասին համապարփակ տեղեկատվություն: Օտարերկրյա այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող նյութերին: Հայկական մշակույթի ներկայացումը համալրեց «Նաիրի» պարային համույթը` հայկական երգ ու պարով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդես:





























