ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Օրենսդիր ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը առաջարկել է մշակել «Հայրենական տեղեկատվական տարածության պաշտպանության կոնցեպցիա»։ Համապատասխան փաստաթուղթը նա ուղարկել է ՌԴ Մշակույթի նախարարություն։ Պատգամավորը կարծում է, որ ավանդական արժեքներին համապատասխանող ստեղծագործությունները պետք է նշել որակի նշանով, իսկ մյուսները՝ «վնասակար» պիտակով։ Երկրորդ տեսակի ստեղծագործությունների մեջ նա առաջարկել է ընդգրկել նաեւ «Գահերի խաղ» հանրահայտ սերիալը։
«Այնտեղ ամեն 10-րդ կերպարը սեռական շեղում ունի։ Հենց նման ստեղծագործությունների միջոցով են մեր գիտակցության մեջ սերմանում այն մատրիցան, թե նման բաները նորմալ երեւույթներ են»,- մեջբերում է Միլոնովի խոսքը «Իզվեստիա»-ն։
Նշենք, որ պատգամավորը խոստովանել է, որ չի դիտել «Գահերի խաղի» ոչ մի սերիա։





























