Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը առաջարկում է էկեկտրաէներգիայի թանկացման դեպքում «հոսանք գողանալ ինչպես սովետական տարիներին»: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սադոյանը:

«Միգուցե սկսենք համատարած գողանալ, որ հասկանան՝ իրենք գողանում, անունը դնում են գերկորուստներ, մենք էլ էս թանկացումների չափով իրենցից կգողանանք: Մարդիկ պետք է սկսեն մտածել դրա շուրջ: Խնդիրն այն է՝ ինչպես չվնասել քաղաքացիական հասարակության պահպանմանը եւ միաժամանակ գնալ օրինականության խախտման: Կարող ենք բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բոլոր տեսուչները, որոնք այդ ձեւով նաեւ լրացուցիչ փող կաշխատեն,  համատեղ, համաձայնեցված ջանքերով աշխատեն մարդկանց հետ: Օգնեք, որ գողանան ձեր Բիբինի փողերը: Փորձենք այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ վախենան, որ մյուս անգամ որեւէ թանկացման դեպքում ավելի վատ վիճակ կստեղծենք»,- ասաց Արշակ Սադոյանը:

Արշակ Սադոյանի խոսքով՝ հոսանքի թանկացման համար բերվող պատճառաբանումները սուտ են, իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թանկացման որեւէ հիմնավոր պատճառ չկա:

«Թանկացման ոչ մի հեռավոր պատճառ չկա ու այս պարագայում հարց է ծագում՝ ինչ է անում մեր էլիտար ղեկավարությունը. ուզում են մարդկանց զանգվածաբար հիմարացնել: Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը ոչ թե  հայ ժողովրդին է ծառայում, այլ օտարին: Ձեւեր են թափում, թե պայքարում են, կանչում են Բիբինին, բողոքում են, թե թույլ չեն տա շռայլության ծախսեր անեն: Դուք քանի գլխանի եք, որ Բիբինի դեմ պայքարեք: Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի»,- ասաց Արշակ Սադոյանը:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում էր սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ներկայացրել է որոշման նախագիծ, որի համաձայն հոսանքը կթանկանա 6,93 դրամով: Հունիսի 17-ին հանձնաժողովը կհաստատի որոշումը: