Հյուսիսային Կորեայի իշխանությունները խնդրել են Հարավային Կորեային սահամանփակել մուտքը դեպի Կեսոն արդյունաբերական գոտի MERS մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռեյնհապ» գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ Հյուսիսային Կորեան հունիսի 10-ին գրավոր դիմում է ներկայացրել Սեուլին՝ խնդրելով  սահմանափակել այցելությունները արդյունաբերական գոտի, որտեղ գտնվում է Հյուսիսային Կորեայի աշխատուժը, որպեսզի հնարավորինս խուսափեն վիրուսի տարածումից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ ամեն օր մոտ 1000 հարավկորեացի աշխատանքի է գնում Կեսոն արդյունաբերական գոտի, որտեղ ԿԺԴՀ 53 հազար աշխատակիցներ են աշխատում։

Հարավային Կորեայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ այս պահին MERS վիրուսով վարակվածների թիվը հասել է 150-ի, որոնցից 17-ը մահացու ելքով։