Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 6-ին մեկնարկել է լրագրող, հրապարակախոս Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկելու գործով դատաքննությունը:
Մեղադրյալի աթոռին է հայտնել 27-ամյա Վահան Եղիազարյանը, ով ապրիլի 9-ին, ժամը 21-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Դավիթ Անհաղթ փողոցում վրաերթի էր ենթարկել հայտնի լրագրողին: Գայանե Բաբայանին տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել:
Այսօվա դատական նիստն անցավ անչափ լարված մթնոլորտում, եւ դատավորը ստիպված էր բազմիցս նկատողություն հայտարարել կամ դատարանի դահլիճից հեռացնել ներկաներից մի քանիսին:
Ամբաստանյալ Վահան Եղիազարյանն ընդունել է իր մեղքը եւ, հրաժարվելով պատասխանել դատավորի ու մեղադրյալի հարցերին, խնդրել է որպես հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:
Իրավիճակը թեժացել է, երբ ցուցմունք է տվել Վահան Եղիազարյանի ազգական Դավիթ Հալաջյանը: Վերջինս հայտարարել է, թե ինքն էլ եղել է դեպքի վայրում, անգամ օգնել է Գայանեին տեղափոխել հիվանդանոց: Վկան, սակայն, հարցին, թե այդ օրն ի՞նչ հագուստներ է կրել Գայանե Բաբայանը, պատասխանել է «Ժակետ եւ տրիկո», մինչդեռ լրագրողն իրականում եղել էր այլ հագուստներով:
Տուժողի իրավահաջորդ Աիդա Բաբայանը վկային մեղադրել է ստախոսության, իսկ ամբաստանյալի պաշտպան Կարինե Ավանեսյանին՝ վկային ուղղորդելու մեջ:
Վկայի հարցաքննությունից հետո դատավոր Լյովա Ավետիսյանը դատական նիստը հետաձգել է, այն կկայանա օգոստոսի 18-ին:



























