Ճապոնական Կիոտոյի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ շները սոցիալական փոխհարաբերության ունակություն ունեն: Նրանց անցկացրած հետազոտությանը 18 շուն է մասնակցել, որոնց երեք խմբի են բաժանել:
Կենդանիների տերերին խնդրել են արկղ բացել: Այդ ընթացքում նրանց երկու մարդ է օգնել, որոնց շները չեն ճանաչել: Նրանցից մեկը տիրոջ հանդեպ չեզոք դիրք է ունեցել, մյուսը՝ հակառակը, հանդես է եկել ակտիվ օգնականի դերում կամ հրաժարվել է օգնել: Երրորդ խմբի երկու օգնականներն էլ իրենց չեզոք են պահել, այսինքն՝ ո՛չ օգնել, ո՛չ էլ խանգարել են:
Ըստ The Guardian-ի, արկղի հետ կապված տեսարանից հետո շներին սնունդ են առաջարկել, սակայն ոչ թե տերերը, այլ օգնականները: Պարզվել է, որ չեզոք դիրք զբաղեցրած անձանցից շներն ավելի հաճախ են ընդունել կերակուրը, քան նրանց տերերին խանգարողները:
«Մենք առաջին անգամ հայտնաբերեցինք, որ շները սոցիալական եւ զգայական գնահատական են տալիս մարդկանց՝ անտեսելով իրենց անմիջական շահերը»,- նշել է հետազոտության հեղինակ Կազուո Ֆուձիտան:
Գիտական աշխատանքի ամբողջական արդյունքները կհրապարակվեն Animal Behaviour ամսագրի հաջորդ համարում:





























