Պերուացի հանրահայտ գրող Մարիո Վարգաս Լյոսան պաշտոնապես հաստատել է իր ամուսնալուծության մասին լուրերը։ Գրականության Նոբելյան մրցանակի 79-ամյա դափնեկիրը 50 տարվա ամուսնական կյանքից հետո որոշել է հեռանալ իր կնոջից։ «Պարզապես կասեմ, որ ես ամուսնալուծվել եմ։ Իմ անձնական կյանքի մասին այլեւս ասելիք չունեմ»,- ասել է գրողը Tele5 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Պատրիսիա եւ Վարգաս Լյոսա զույգը ամուսնացել էր 1965թ.։ Նրանք ունեն 3 երեխա։ Սա գրողի 2-րդ ամուսնությունն էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս պահին մամուլում լուրեր են շրջանառվում, որ գրողը հանդիպում է իսպանա-ֆիլիպինյան ծագման լրագրող Իզաբել Փրեյսլերի հետ։
Վարգաս Լյոսան բազմաթիվ վեպերի հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով եւ համարվում են ժամանակակից արձակի դասական օրինակ։





























