Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն արգելել է ուղեւորներին եւ օդանավի անձնակազմի անդամներին էլեկտրոնային ծխախոտ տեղափոխել ուղեբեռում: Այս մասին նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Քաղավիացիայի միջազգային կազմակերպության ղեկավարությունը համապատասխան փոփոխություններ է մտցրել 2015-16 թվականներին օդային տրանսպորտով բեռների անվտանգ տեղափոխման տեխնիկական հրահանգում: Ըստ այդմ, արգելքը տարածվում է ոչ միայն էլեկտրոնային ծխախոտների, այլեւ ծխելու համար նախատեսված այլ էլեկտրոնային սարքերի, ինչպես նաեւ դրանք լիցքավորող սարքերի վրա, հաղորդում է NEWSru.com-ը:
Այդ սարքերը կարելի է տեղափոխել ձեռքի պայուսակում, սակայն արգելվում է լիցքավորել դրանք թռիչքի ժամանակ: Կազմակերպության տեղեկություններով, վերջին ժամանակներս ուղեբեռի այրման միանգամից մի քանի դեպք է արձանագրվել էլեկտրոնային ծխախոտի պատճառով:





























