ՄԻԵԴ դատավորի ընտրության գործընթացը ոչ միայն արդյունքների եւ քվեարկության առումով է գաղտնի, այլեւ ընթացակարգի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրավասու չէ շատ մանրամասներ հաղորդել:

Նա նշեց, որ Հայաստանից ներկայացված երեք թեկնածուներն էլ պատշաճ կերպով ներկայացրել են եւ երկիրը, եւ իրենց, ՄԻԵԴ դատավորների հանձնաժողովը որոշում է կայացնում թեկնածուների հետ տեղի ունեցած հարցազրույցի արդյունքում, այդ ժամանակ ձեւավորվում է տպավորությունը, դրան հաջորդում է գաղտնի քվեարկությունը, որից հետո որեւէ թեկնածու ձայների մեծամասնությամբ ստանում է առավելություն: Այդպիսով, Արմեն Հարությունյանը ստացել է ձայների մեծամասնությունը փոքր առավելությամբ Լիանա Հակոբյանի նկատմամբ, բայց հանձնաժողովի երաշխավորությունը Արմեն Հարությունյանինն է:

Հունիսի 22-26-ը կայանալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում տեղի կունենա քվերակությունը, որին կներկայացվեն երեք թեկնածուները, իսկ վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորին:  «Քանի որ հանձնաժողովը չի մերժել ցուցակը, այլ երաշխավորել է վեհաժողովին, դա նշանակում է, որ երեք թեկնածուներից մեկի օգտին վեհաժողովը կկայացնի որոշում: Շաբաթվա վերջին օրերին հայտնի կդառնա ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի անունը»,-ասաց պատգամավորը:

Արփինե Հովհաննիսանը հրաժարվեց հրապարակել Հայաստանից ներկայացված թեկնածուների ձայների հարաբերակցությունը՝ հավելելով, որ իրավասու չէ այդ մասին հայտնել:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները:

Հայտարարվել էր նոր մրցույթ, որի արդյունքներով հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: