Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում: ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր քննարկել է նրանց դիմումը, այն բավարարվել է, դատապարտյալները պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը մի քանի օր է՝հացադուլի մեջ էր: Նա պահանջում էր, որ իրեն տեղափոխեն առանձին խուց, մինչդեռ որոշվել էր, որ պատիժը կկրի կիսաբաց ռեժիմով: Դատապարատյալը նշում էր, թե իր կյանքին սպառնացող վտանգ կա: Վարդան Վարդանյանը միացել էր Շանթ Հարությունյանի հացադուլին:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:




























