«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 16-ին, Ճանապարհային ոստիկանությանը հանձնեց նամակ` տեսախցիկների վերացնելու, տուգանքների ամբողջական համաներում սահմանելու եւ տուգանման բալային համակարգ ներդնելու պահանջներով (ֆոտոռեպորտաժ):
Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից Իսակովի պողոտայի վրա գտնվող ՃՈ շենք հասան ավտոերթով, որին մասնակցում էին հիմնականում նախաձեռնող խմբի անդամները իրենց մեքենաներով:
Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով՝ ավտոերթը ոստիկանությանն իրազեկելու նպատակով է կազմակերպվել։
«Պահանջում ենք, որ բոլոր տեսախցիկների եւ արագաչափերի հետ կապված տուգանքները չեղյալ համարվեն, տեսախցիկները վերացնեն եւ ներդնեն բալային համակարգ, օրինակ, 30 միավորից բաղկացած բալային համակարգ լինի, եւ յուրաքանչյուր խախտումը որոշակի բալի համապատասխանի, դրանք ուղարկվեն խախտողին: Երբ վարորդը գերազանցի 30 միավորը, թող այդ ժամանակ նրան տուգանեն: Ինչի մինչեւ տեսախցիկներ դնելը Երեւան քաղաքում նորմալ երեւեկություն չկա՞ր. այն ժամանակ վթարներն ու վրաերթերն ավելի քիչ էին, քան հիմա», -ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակում են օգնել քաղաքացիներին բողոքարկել տուգանքները վարչական դատարանում եւ 50-60 տոկոսով շահում են գործերը:
Նախաձեռնության անդամներին Ճանապարհային ոստիկանությունում խոստացան, որ կպատասխանեն նամակին:
Նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ մոտ ապագայում ակցիաներ չեն կազմակերպի, իրենք միանում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնությանը:
Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ: Նախաձեռնությունը պահանջում է նաեւ նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել անբողջական համաներում, ինչպես նաեւ ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:





























