«Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության  նախագահ Առնոլդ Ստեփանյանը, անդրադառնալով վրաց-ռուսական պատերազմի դասերին, նշել է, որ այդ պատերազմից հետո Հայաստանը կարող է որոշել երկարաձգել իր երկրի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը եւ միանաշանակ շեշտադրումներ անել Ռուսաստանի վրա, թեեւ մինչ այդ ավելի շատ էր խոսում կոմպլեմենտար քաղաքականության մասին:

«Կարծում եմ՝ տարածաշրջանում բաժանարար գծերը, որոնք անցնում էին ըստ երկրների ունեցած արտաքին քաղաքական կողմնորոշումների, թեեւ հստակ էին նաեւ մինչեւ վրաց-ռուսական պատերազմը, բայց այն ժամանակ, գոնե, հնարավոր էր մտածել, որ կարելի է ջնջել դրանք: Հիմա բաժանարար այդ գծերը տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ավելի հստակ են անցնում: Վրաստանը դեռ ձգտում է դեպի Արեւմուտք, Հայաստանը, չնայած այս ամենին, նայում է դեպի Հյուսիս»,- ասել է Ստեփանյանը:

Վրացահայ գործիչը հավելել է նաեւ, որ պատերազմից հետո դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի հնարավոր լինի խոսել Հարավային Կովկասի անվտանգության միասնական համակարգ ստեղծելու մասին: Իսկ հիմնական դասը տարածաշրջանի համար, ըստ նրա, այն է, որ Հարավային Կովկասի երկրները իրենք պետք է համաձայնությունների հանգեն սթափ կերպով ու սեփական ուժերով: