Միլիարդատեր Քըրք Քըրքորյանը՝ 8-րդ դասարանի կրթությամբ, որը Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցներն է կառուցել եւ ցանկացել է ձեռք բերել Chrysler-ը, երեք անգամ վաճառել եւ գնել է MGM-ը, հունիսի 15-ին վախճանվել է: ԱՄՆ-ի ամենահայտնի գործարարներից մեկի մահվան մասին այսպես է գրել Associated Press-ը:
Գործակալությունը հիշեցրել է, որ հենց նա է կառուցել 1568 սենյակ ունեցող 30 հարկանի հյուրանոցը՝ աշխարհի ամենամեծ հյուրանոցը 1960-ականների վերջին:
Իր հերթին «Washington Post»-ը Քըրքորյանին կոչել է ինքն իրեն միլիարդատեր դարձրած գործարար: Նա հայտնի դարձավ իր սերնդի համար ամենահմուտ եւ խորամանկ գործարքներով՝ գնելով եւ վաճառելով խոշորագույն ընկերություններ ավիաբիզնեսի, հյուրանոցային բիզնեսի եւ ժամանցի արդյունաբերության ոլորտում:
«Պարոն Քըրքորյանը, որի կարողությունն այս ամիս «Forbes» ամսագրի կողմից գնահատվել է 4 մլրդ դոլար, սիրում էր իրեն կոչել «փոքրիկ քաղաքից մի տղա, որի բախտը բերել է»: Սակայն 7 տասնյամյակ տեւած կարիերայի ընթացքում նա անբացատրելի կանխատեսման ունակություն է ցուցաբերել, թե ինչն իրեն հաջողություն կբերի»,- գրում է պարբերականը:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Քըրքորյանը ծնվել է 1917 թվականին, Ֆրեզնոյում, Ահարոն եւ Լիլի Քըրքորյանների ընտանիքում. հայ ֆերմերներ, որոնք 1920-ականներին կորցնում են իրենց հողերը: Ընտանիքը փոխադրվում է Լոս Անջելես, որտեղ Քըրքորյան-ավագը մրգի խանութ է բացում:
Գործակալությունը նշում է, որ Քըրքորյանի կարողությունը հարվածի տակ դրեց 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Նա շուրջ 600 մլն դոլար կորցրեց միան Ford Motor Co-ի արժեթղթերից:







































