Բաքվում ընթացող Առաջին Եվրոպական խաղերը նշանավորվեցին ոչ միայն աննախադեպ պաթոսով, այլ նաեւ կարգապահության ու կազմակերպվածության ցածր մակարդակով։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խաղերի մեկնարկից ի վեր գրանցվել է մի քանի լուրջ արտակարգ պատահար։

Խաղերի հենց մեկնարկին ավտովթարից տուժեցին ավստրիացի մարզուհիները։ Հետո ծեծկռտուքներ տեղի ունեցան։ Այսպես՝ մրցագորգում ձեռքերին ազատություն էին տվել բելառուս մարզիկ Վլադիսլավ Անդրեեւն ու վրացի Վլադիմիր Խինջեգաշվիլին։ Երկու մարզիկներն էլ որակազրկվել են։ Ֆրանսիացի ըմբիշ Էլ Օուրագե Զոհերան ադրբեջանցի Յաշար Ալիեւին պարտվելուց հետո փորձել էր հարձակվել նրա վրա։ Մրցավարները հազիվ էին կարողացել հանգստացնել ֆրանսիացի մարզիկին։

Իսկ ադրբեջանական կողմը բողոքում է մրցավարներից։ Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Ալթայ Հասանովի խոսքով՝ իրենք քննարկում են, թե ինչ  միջոցներ է պետք ձեռնարկել ադրբեջանցի մարմնամարզուհիներին ցածր գնահատական դրած մրցավարների դեմ։