Local Development ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը,  չարաշահելով քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության վստահությունը,  խարդախությամբ է զբաղվում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ Մայրապետյանը Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին վտարում է, որպեսզի այդ տարածքում բիզնես նախագիծ իրականացնի:

«Նա խաբում է կառավարությանն ու քաղաքապետարանին, քանի որ ՀՀ կառավարության  2007թ. մարտի 1-ին այս 3 շենքերը հանրային շահ ճանաչելու մասին կայացրած որոշումից անցել է արդեն 8 տարի և մինչև հիմա այդ տարածքները չեն օգտագործել ըստ ՀՀ կառավարության  կայացրած որոշման: Մինչև հիմա չկա նպատակը, թե ինչի  համար է Մայրապետյանը պատրաստվում քանդել մեր շենքերը, ինչի համար են մեզ վտարում այդտեղից: Չնայած արդեն լուրեր կան, որ Մայրապետյանը ցանկանում է հյուրանոց կառուցել, բիզնես նախագիծ է իրականացնելու  ընդամենը՝ խաբելով կառավարությանը»,-ասաց Տերյան 23-ի բնակիչը:

Փաստաբան Ալինա Ավետիսյանը, որը դատարանում պաշտպանում է Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչների շահերը, նշեց, որ դատարանն անտեսելով բոլոր առկա և բացահայտ խախտումները, որոնք իրականացվել են Local Development ՍՊԸ-ի կողմից, որոշում է կայացրել հօգուտ այդ ընկերության:

«ՀՀ կառավարությունը շենքերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը կայացրել է 2007թ., սակայն 8 տարի անց այդ որոշումը դեռևս ըստ նշանակության չի օգտագործվել: Օրենքով ասվում  է, որ եթե բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածքը չի օգտագործվել ըստ նպատակի 7 տարվա ընթացքում, ուժը կորցնում է»,-նշեց փաստաբանը:

Ավետիսյանը նշեց, որ  բացի այդ գույքի նկարագրությունները, որոնք ներկայացվել են դատարան, եղել են 2007 թ.-ի, որը նույնպես խախտում է. «Գույքը ձեռք բերողը պնդում է, որ ստուգման ժամանակ շենքերի բնակարանների դռները փակ են եղել և նոր նկարագրություն չեն կարողացել կազմել:  Հաշվետվությունը նույնպես  ի սկզբանե կազմված է եղել կոպիտ խախտումներով, որտեղ բացակայում է փորձագետի ստորագրությունը, հաշվետվությունը կազմելու օրվա ամսաթիվը: Մինչդեռ դրանք պարտադիր պայմաններ են, որոնք չեն արվել:  Իսկ  դատարանը ամեն ինչ օրինական ճանաչելով՝ որոշում է կայացրել հօգուտ այդ ընկերության»,-նշեց փաստաբանը:

 Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առջեւ է կանգնած 22 ընտանիք:

Բնակիչները Հյուսիսային պողոտայում արդեն 5 օր է` ընդդեմ շենքերի քանդման ստորագրահավաք-ակցիա են իրականացնում, որը շարունակվելու է մեկ ամիս: